Արձակ
«Սրիկաների վերջը»

Դրսում ամեն օրը նախորդից սառն է: Եղանակն էնպիսին է, որ քնելիս պատուհանի բացն է դուր գալիս, արթնանալիս` ծածկվածը: Իսկ ես ծածկող չունեմ... ո՛չ` պատուհանը, ո՛չ` ինձ:
Ու ամեն գիշեր հասկանում եմ, որ էս ու բոլոր մյուս սառնություններից թիկունքս պահողն է պակասում:
* * *
Առավոտյան դուռս կոտրում են: Սաքոն է:
Վերջին քսան տարում միշտ երիտասարդ Սաքոն, որ երբեք չաշխատեց, բայց ապրեց բոլոր աշխատածներից էլ լի ու բոլ: Սա Վանո ու Բուկովսկի էր կարդում, բայց ասում էր, որ էդ երկուսի պես պոռնիկի տղա աշխարհը դեռ չի տեսել (թե Չարլզն ի՞նչ էր արել` չեմ հասկանում): Մի կերպ դեպի ինձ քաշեցի դուռը: -Ի՞նչ կա, -Քնած էի՞ր,- նայեց վարտիքիս, -Չէ՜ ֆուտբոլ էի խաղում, -Մարդու գլխին խելք ա՞ մնացել, ժամ-պատարագ կորցրել եմ, -Ներս արի՛: Խոսքիս վրա մյուս ոտքն էլ ներս մցրեց: -Կոֆե կխմե՞ս, -Բա մարդ կոֆեից կհրաժարվի՞: Երկու բաժակ դառը սուրճ եփեցի` առանց քաղցրության մասին ավելորդ հարցեր տալու: -Էս դառն ա՞, -Հա, -Բա մի կես բերան հարցնեիր, -Ի՞նչ տարբերություն, մեկ ա դառն էի դնելու, -Լրիվ իշխանությունն ես արա,- ծիծաղեց,- քվեարկության ես կանչում, բայց մեկ ա անում էն ինչ ուզում ես, -Թաղի էրեխեքին վերցրու` գնա Օպերայում միտինգ արա: Էս խոսքից հետո բառ չխոսեցի: Սաքոն էլ. ըստ երևույթին մտքերն էր դասավորում: Վերջապես խոսեց. -Հետդ գործ ունեմ, -Ի՞նչ կա, -Դու էլ ես մեր պես` իշխանությունից դավադիտ էղած, -«Մեր»` ու՞մ, -Ժողովրդի -Փաստորեն ժողովրդի անունից ես խոսում էս պահին,- ժպտացի,- ըհը՜մ` զզված եմ, -Դեմը ընտրություններ ա` գիտես, -Գիտեմ, -Մեր տարածքի ընդիմադիր շտաբը ես եմ գլխավորում, -Հրաշալի ա` ընդիմադիրն էլ վատ աշխատանք չի, մանավանդ, որ աշխատանքային փորձ չունես ու պարտադիր էլ չի, -Էդ հեչ է՜, պետք ա վիզ դնենք, -Հանուն ինչի՞, -Հանուն բոլորիս բարեկեցիկ ապագայի, -Վայ քու՜, ինչ էլ լավ լոզունգ ա` դու կլնես գրած,-հպարտ փքեց կուրծքը,- էդ ո՞վ ա բարեկեցիկ ապագա ապահովելու, -Մեր կուսակցությունը, -Սաք դեռ բան չեք արել, բայց արդեն բարեկեցությանս խանգարում եք,- ծիծաղեցի,- սաղ գիշեր չեմ քնել, իսկ դուք էկել` ամենաքաղցր ժամերս գողանում եք: -Ցինիկ դալբայոբ ես, -Խի՞, -Որովհետև մենակ բառերով ես իշխանության դեմ, -Լա՜վ Սաքո՛, ասենք եկա ու ձեզ ընտրեցի` ի՞նչ ա լինելու: -Իշխանափոխություն` տեղական մակարդակում, -Հետո՞, -Հետո` գլոբալ մակարդակում, -Վերջը՜, -Վերջը մեր պես տղերքն են գալու իշխանության, -Այ էդ ամենաոռին ա էլի՜,- ծիծաղեցի,- բա դու էլ իմ պես դեմ չէի՞ր իշխանությանը, -Սիկտիր էղի՛, խփնված հայվա՛ն,- վեր կացավ ու սեղանից հավաքեց իրերը,- մեկ-մեկ գիրք կարդա, որ քաղաքականություն ընկալես: Երևի նեղացրի Սաքոյին: Ինքն իրոք հավատում է: Հավատում է, որ էս մեծ խաղում նոր պարտիայի ու ֆիգուրների փոփոխության հետ սևն ու սպիտակը կփոխվեն: Սաքոն դեռ չգիտի, որ անկախ նրանից սուրճը ոնց ես պատվիրել` դառն է լինելու, որովհետև շաքարը ավելորդ երջանկության հորմոնների ու ուտոպիայի առիթ է դառնում: Իսկ դա գլխացավի բուն է:
* * *
Սուրճը դառն էիր խմում, բայց հավատում հեղափոխությանը: Ամեն բան (սուրճից բացի) քաղցր էր, բայց երջանկությունն ուտոպիայի առիթ չդարձավ:
Ես քեզ համար (ոչ քո լսելու) Օրուել էի կարդում` միայնակ փակված իմ սենյակում: Դա «քեզ համար» էր էնքանով, որ ցնդած բրիտանացու բոլոր ասածներն ի գիտություն էի ընդունում, բայց և քեզ հետ երազում` թե. «լինելու ա»:
Ու մանր օրենքները պահելը, մեծերը խախտելու համար պարարտ հող դարձրած, ապրում էինք կանգ առած ժամանակներում` այն ժամանակներում, երբ պատուհանի բացն ու փակը մի հաշիվ էր (թեև ընտրության հնարավորություն կար էդ եզակի դեպքում): Կարևորը, որ թիկունքը բաց չէր:
* * *
Իշխանական ու ընդիմադիր շտաբերի պաստառները ընտրության նախորդ օրը պոկեցին:
Չէ՜... պատճառը «լռության օրվա» օրենքը չէր: Պարզապես ինչ-որ մեկը գիշերով կարգին նախշել էր երկուսինն էլ:
Սաքոյի պաստառի` իր կյանքի միակ ստեղծագործության, վրա «Հանուն բոլորիս բարեկեցիկ ապագայի» լոզունգից հետո ավելացրել էին «սիկտիր էղե՛ք»:
Իշխանական շտաբին մոտենալու համար մարմինս էր ծույլ, հեռվից կարդալու համար` աչքս (ի միջի այլոց «ծույլ աչքը» ախտորոշման տերմին է), մի խոսքով` չիմացա ինչ էին գրել:
Քննիչին մանրամասն բողոքելուց հետո Սաքոն մոտեցավ ինձ,
-Չէ՜, բայց դու տենում ե՞ս,
-Մինչև պոկելը տենում էի,
-Սա սենց չի մնալու,
-Դա էլ տեսա,
-Իշխանության քաղաքական պատվերն ա,
-Էս սադո-մազոն սկսում ա դուրս գալ,
-Այսի՞նքն,
-Դե իշխանությունը պատվիրում ա, որ իրանց ու ձեր պաստառները էն բանից անեն, հետո համ` իրանք, համ` դուք, կատատաղած դիմում եք իրանց միլիցեքին, որ «սա սենց չմնա»,
-Էս մեծ խաղ ա` դու չես հասկանում,
-Սա՛ք, սա սեռախաղ ա ու մազոխիզմներդ ընդեղ ա հասել, որ էսքանից հետո պոկում եք ժողովրդի ձեզ տրված քվեն ու պատրաստվում վաղվա ընտրությանը, մյուս օրվա միտինգին` չգիտեմ էլ ձեզ, թե` մեզ էշի տեղ դրած,-Մենք ու դուք մեկ ենք` մի ամբողջություն, -Չէ՛, Սաքո՛, էսօրվանից մենք ու դուք մեկ չենք: Էսօրվանից դուք ու այ նրանք եք մեկ, որովհետև էրկուսդ էլ կեղծում եք ու խոսում ժողովրդի անունից, -Հիմա կարողա՞ իրիկունը մտնեմ տենամ հոդված ես գրել, -Չէ` ձեր տոնը չեմ փչացնի... արխային:
* * *
-Վերմակը քեզ վրա ես քաշում էլի՜,- ծիծաղում էիր:
Հա սե՛ր իմ: Միշտ վերմակն ինձ վրա քաշեցի` դրա համար գնալուցդ հետո էլ սովորություն մնաց:Դու գիտե՞ս ինչ է սովածի հոգեբանությունը: Դա Սաքոյի հիվանդությունն է` միշտ մի պատառ հացի վազողի հոգեբանությունը: Առհասարակ, առնվազն ինսունականներից սկսած (ցեղասպանության մասին էլ չեմ խոսում) մենք ազգային սովածի հոգեբանություն ունենք: Իմն էլ սա է` մրսածի հոգեբանություն: Դրա համար էլ անգամ եղածդ ժամանակ կռիվս քո ու վերմակի համար էր: Ափսոս` վերմակը հաղթեց: Սրանց կռվում էլ մի փոր հացն է հաղթելու: Բայց մի վշտանա: Բոլոր սրիկաների վերջը մի օր պիտի գա: Էդ օրը քեզ թարմ ծաղիկներ կբերեմ, քո եփած դառը սուրճը կխմեմ ու կսպասեմ սրիկաների վերջը գալուն: Հավատա սեփական վերջը մի գավաթ սուրճով դիմավորելը հաղթանակի պես մի բան է: Դու կհաղթես, վերմակն էլ քեզ կմնա ու էլ ոչ մի հարցում քեզ չեն (չեմ) քաշի: Հավատա` «լինելու ա»:
* * *
Ընտրություններում Սաքոենց կուսակցությունը պարտվեց:Շտաբում վազվզող մուլտհերոսներից որին ծեծել էին, որին` կաշառել: Մի խոսքով` ըստ Սաքոյի ու կուսակցության, «խայտառակ ընտրակեղծիքներ են կատարվել»: Պաստառը նկարազարդողներին գտնելու համար երկու օր պահանջվեց: Երկու հոգի էին` սկսնակ նկարիչներ: Երկու «տուժողների» ցուցմունքով էդ տղերքին երկու հարյուր հիսուն հազարական դրամ տուգանք նշանակեցին: Էս խելառներն էլ` ոչ երկու, մի օրում ամբողջ գումարը հավաքեցին հանգանակությամբ ու մի կերպ պրծան: Սաքոյի կուսակցությունը մի տասն օր Օպերայում միտինգ արեց, հետո որոշեց պայքարը շարունակել այլ դաշտում: Հիմա հետևողական պայքարի արդյունքում մի քանի նախարարական պորտֆել ու ազգային ժողովում մի քանի տեղ են վերցրել: Ափսոս, որ բարեկեցության ալիքը Սաքոյին չհասավ: Իսկ սուրճը ախմախը դեռ քաղցր է խմում: Ականջդ կանչի պաստառի հեղափոխական:
* * *
-Մրսում ե՞ս,
-Կդիմանամ,
-Խմած ե՞ս,
-Կարևոր ա՞,
-Խմած մարդը շուտ ա մրսում: Ծածկվի` սրիկաների վերջը գալիս թոքաբորբով չի գալու:
Անջատվող զանգի ձայնը խլացավ:
Քամին շրխկոցով փակեց պատուհանը:
Դրսում ցուրտ է: Սուրճի դառնության պես` պարտադրված, ցուրտ:
-Քնի՜ր,- ասում ես,- հեղափոխությունը սառույցին ենք գրել, գոնե դու չսառչես:
Մ. Նահապետյան