Արձակ
«Կավիճե հայրենիք»

Իմ ընկերները հեռանում են,
Ինչպես թռչունների երամ,
Ժամանակի հետ բթանում է
Այն ցավը, որ նրանք չկան:
Ռ.Հախվերդյան
«Ֆեռգյուս»-ը Վահիկի մականունն էր, որ կնքել էին ի պատիվ սիրելի ֆուտբոլային մարզչի:
Հիմնական ապրելատեղը «Ամերիկաներն» էր, ասում էին կարգին գործ ունի` ֆուտբոլային լրագրող է:
Վերջին երկու տարում առաջին անգամ գալուց մի շաբաթ առաջ էր կապվել, թե. «հյուրեր ունես»:
Ծխախոտը գցեց ու ճիշտ պահին հայտնվեց իրար կոտորելով դռնից դուրս եկողների առաջ: Շարքի միջից միանգամից նկատեց գլուխը տարուբերելով քայլող Ֆեռգյուսին: Հասան իրար:
-Բարով էկար մայատնիկ,- ծիծաղելով փաթաթվեց,
-Խի մայատնի՞կ,- ճամպրուկները բաց թողեց ու պինդ գրկեց,
-Բա հազարի մեջից շորորալդ տարբերվում ա,
-Նույն ցինիկն ես մնացել Սա՛շ,
-Սաշը ասել էի՜: Ա՛-լի՛կ, Ալիկ ա անունս, հո դու Սուրեն Բաղդասարյանը չե՞ս,
-Լավ դե՜, մի՛ նեղվի, պրինցիպի Հայաստանում Սաշն էլ վատ անուն չի, հը՞ն,- ցինիկ ծիծաղը գլուխը գցեց,- մեկ-մեկ` մայատնիկի պահով նիչյա էղանք:
Ճամպրուկները խցկեցին «Օփել»-ի բեռնախցիկն ու շարժվեցին:
- Ո՞նց ա երկրի վիճակը,
-Հայկական ֆուտբոլի պես,
-Էդ կարգի վա՞տ,
-Էդ կարգի ոչ մեկի չի հետաքրքրում: էն ասա տեղ ունե՞ս գնալու, թե՞ միանգամից իմ տուն,
-Չէ՜ ստեղի մեր տունը դեռ կա` ընդեղ եմ մնալու, մորիցս հետո միքիչ դժվար կլնի, բայց ոչինչ,
-Նայի, դու գիտես…- խոսքի վրա «փախցրեց» հանդիպակաց եկող մեքենայից,- անասու՜ն,
- Ահավոր ա ձեր Հայաստանի երթևեկությունը,
-Մե՞ր,- հեգնեց,- մենք` հայերս, չենք նեղվում ախպե՛ր ջան, քրֆելով յոլա ենք գնում,
-Մե՞զ,
-Չէ՜ ձեզ չենք քրֆում, համենայն դեպս առերես` ձեր գլխին ուժեղ պետություն կա,- հոգոց հանեց,
-Հլը գրում ես հա՞,
-Հա՛... հլը դրա համար չեն նստցնում,- մեքենան մտավ բակ,- շնորհակալություն մեր ավիաուղիներից օգտվելու համար` հասանք,- խոսքի վրա իջավ ու բեռնախցիկից հանեց ճամպրուկները, Ֆեռգյուսը երկար կանգնեց բաց դռան կողքին ու շուրջը նայեց,
-Էս ո՜նց ա փոխվել թաղը,
-Հա՜... քոթուկներին նստող տատիների նարյադը էլ չկա,
-Կհավատաս իրանց էլ եմ կարոտում, դաժե ամեն անցնելուցս չեղած հորս մասին բամբասելն եմ կարոտում,- դուռը փակեց ու ծանր քայլերով մոտեցավ Ալիկին,
-Բան չկա՜, վաղը կտանեմ Վերնիսաժ մի հատ ընտիր գործ կառնենք քո համար` Սիսով, Մասիսով, դեմը բարդի, վրեն արագիլ, ձեռն էլ քյաբաբ,- լուրջ դեմքով ասաց, մի պահ լռեցին,
-Տո դե արի ասեմ է՜,-ծիծաղելով կտրուկ տեղից վրա պրծավ ու մի երկու շրջան մեքենայի կողքերով վազացրեց,
-Կայնի՜, էլ թոքերս չի հերիքում,- շնչակտուր ծիծաղեց,- խայտառակչի ե՞ս, էս թաղում քո մասին հլը լեգենդներ են պատմում,
-Ի՞նչ լեգենդ,- հպարտ կեցվածք ընդունեց,
-Ասում են մի ձեռով չամադան ես տեղից պոկում,- ծիծաղեց,- վերցրու՛ մեկը:
Մտան շքամուտք, բարձրացան Ֆեռգյուսենց հարկ, Ալիկը ճամպրուկները դրեց դռան առաջ,
-Կես ժամ ժամանակ քեզ` մտի՛, վեշերդ քցի՛, եթե լողանում ես` լողացի ու արի մեր տուն, հաց եմ սարքել,
-Հա բա՜... բարի փերիները լուսս ու ջուրս միացրել են,- գրպանից ծիծաղելով հանեց բանալին,
-Փերին չգիտեմ, բայց լուսդ ու ջուրդ մուծած ա` կայֆավատ էղի… էն «դարակազմիկ» սպարծիվկեդ կհագնես գալուց,- աստիճաններով երեխա ժամանակների պես արագ իջավ,
-Ալի՜կ,- բազրիքի ճաղերի արանքից գլուխը կախելով,
-Հա՞,
-Ապրե՛ս,
-Ռադդ քաշի է՜,- շարունակեց իջնել:
Ուղիղ կես ժամից Ֆեռգյուսը զանգը տվեց:
-Էս վրեդ բուձելնիկ ա՞ դրած տնաշեն,- ծիծաղելով դուռը բացեց,- ես հայավարի էի ասել կես ժամ, դեռ պատրաստ չի ուտելիքը,
-Ամերիկան դաստիարակում է մարդկանց,- հռետորական ոճով ասաց ու ներս մտավ,
-Վարժեցնում,- հեգնեց,- որպես մարդ, ամենքի ապրելու իմաստը, մյուսների պես չապրելն ա` առավել ևս քեզ վարժեցնողների ուզածի պես:
Ֆեռգյուսը հանդիսավորությամբ հյուրասենյակի սեղանին դրեց ձեռքի տոպրակն ու դարձավ Ալիկին,
-Ամերիգաեն նվերներ բերած եմ,- ծիծաղեց ու դուրս քաշեց դեղի մի տուփ,- էս ալկաշների համար դեղ ա` խմի բալքի կտրվես խմելուց, իսկ էսի՜,- աճպարարի թատերականությամբ ձեռքը նորից մտցրեց տոպրակը,- էսի խմելու բան ա` «Շիվաս», սրանից չկա Հայաստան, խմի` խմել սովորի, բայց վերջում էն դեղից կխմես,- «աչքով» արեց,- ու վերջապես կես տեռաբայթ ֆլեշկա` գրածներդ թող քեզ հետ լինեն իմ եղբա՛յր... լավ հանգ բռնեցի չէ՞,- էլի ստանդարտ ծիծաղը,
-Ապրե՛ս, քեզնից բան սպասող չկար, բայց գոհ եմ,- մի ձեռքով փաթաթվեց,- նստի՛, էսա խառնեմ ժարիտի տակը` գամ,
-Ջա՜ն, ֆրի ե՞նք ուտելու,- երանությամբ տրորեց փորը, Ալիկը մատը տնկեց,
-Ֆրի չի` ժարիտ ա, ա՛յ բառբիքյու,- մտավ խոհանոց:
Ֆեռգյուսը սկսեց ուսումնասիրել աշխատանքային սեղանը, պատին փակցրած թղթերն ու նկարները,
-Ալի՜կ,- ձայն տվեց,
-Հե՜յ,
-Էս ախպերդ ա՞,
-Ո՞րը,- թավան ձեռքին մտավ հյուրասենյակ,
-Էս տղեն,- մատնացույց արեց նկարը,
-Հա՜,
-Բա ո՞նց ա չեմ ճանաչում,
-Ես էլ եմ նոր ճանաչում,- քմծիծաղ տվեց,
-Ի՞նչ ես խոսում, կարգին բան ասա,
-Արցախի հերոս ա,- մի պահ լռելուց հետո,- մի ամիս առաջ ա զոհվել,
-Արա՜,- ծոծրակը քորեց,- ճի՜շտ ա, նկարը ֆեյսբուքի մեջ տեսել եմ,- ետ շրջվեց ու էլի նայեց նկարին,- ի՜նչ էլ սիրուն ա,
-Մասիսի պես չէ՜,
-Զզվցրեցիր արդեն,- նյարդային ետ շրջվեց,- ինչ կա էս քոսոտ երկրում, որ մնամ,
-Չէ՜, բան չասեցի,- քայլեց դեպի դուռը,- մենք ա, որ չենք հասկանում,
-Բա էս աղջիկն ո՞վ ա,- էլի բղավեց, որ խոհանոցում լսելի լինի,
-Էդ ուրիշ թեմա ա,
-Լոլո մի կարդա, ե՞րբ եմ պսակում ձեզ,
-Երբ քավորկնիկ ճարես,- ծիծաղեց:
Հաջորդ հինգ րոպեում մի կարգին սեղան գցեց Ալիկն ու նստեցին: Սովետական «ստյենկայից» հանեց պլաստմասե շշով տնական օղին ու երկու բաժակ:
-Ոչինչ չէ՞, որ սենց անակցիզ բաներ եմ հյուրասիրում,- լցրեց բաժակները,- «Շիվաս» չի, բայց Շմավոն պապիս արաղներից ա,
-Չէ՜... դու ինձ լրիվ ամերիկոսի տեղ ես դրել,- գլուխը օրորեց,- վայթե մինչև տասերորդ դասարան ես էի հետդ պահակ Ռուդիկին հառփացնում,
-Բարով տեսանք,- ժպտաց,- ոտդ խերով ըլնի,
-Բայլու՜ս,- չխկացրեցին, խմեցին,
-Ինչքան ե՞ս մնալու,
-Կհասցնեմ մի հատ կոֆե խմեմ,- այրող տաք կարտոֆիլը բերանում մի կերպ հասկացրեց,
-Ախմա՜խ,- ծիծաղեց,- լուրջ եմ հարցնում,
-Երևի մի շաբաթ` տունս ծախեմ ու գնամ,
-Խի՞ ես ծախում,- մռայլվեց,
-Համ անիմաստ հարկեր ա գալիս, համ քաղաքացիության հարցերիս խանգարում ա, համ էլ մի օր պաժառ կնգնի մանթրաժից կմեռնեմ,- ծիծաղեց,- լցրու՛:
Ալիկը լցրեց երկրորդը: Ֆեռգյուսը բաժակը վերցրեց,
-Հիշում ե՞ս մանության տարիները,- կարոտախտի ժպիտով,- ոչ դարդ ունեինք, ոչ էլ դարդ ունենալու ուղեղ` օրը մի տեղ հարբելով, կռիվ-ղալմաղալ, բայց վսյոժե լավ էր... մերս հլը կար,- լռեց,- գոնե միքիչ երկար ապրեր, գոնե տենար, որ առանց հեր տենալու մարդ եմ դառել` նոր մեռներ,- գլուխը կախեց,- Ալի՛կ, գիտես չէ՞, անտեր եմ... էդ անտերությունից եմ փախել Ամերիկա... որ ժամանակին հերս գլխիս ըլներ, որ ինքն էլ մնացածի պես թրաշ պահեր ու գլուխ գովար, որ կռվել ա «էս հողի հըմար» ` կարողա չփախնեի, կարողա ստեղ էլ մարդ դառնայի, եթե մերս գիշեր-ցերեկ սեղան չփռեր ու հավաքեր ամեն հաստավզի դեմ, որ իրան պետության հետ ա հավասարեցնում... պետության անունից մորս քյաբաբ ա զակազ տալիս` պետության փողով, ու վերջում երկու կոպեկ տալիս, որ էրեխա պահի,- Ալիկը վառեց ծխախոտը, մեկն էլ Ֆեռգյուսի շուրթերի արանքը խցկեց,- հալալ ա ձեզ, բան չունեմ ասելու... ձերոնց դու սկի չես էլ տեսել` պապ ու տատդ են քեզ ծնողություն արել, բայց դու անտեր չես զգում քեզ ու մնում ես էս երկրում... ես չկարացա,
-Արի խմենք լավ հիշողությունների համար, վատերն էլ էս բաժակով սղմենք` կուլ գնա,- բաժակը մոտեցրեց, խփեցին, խմեցին:
Հետո ծանր լռություն իջավ, որպիսին եղել էր վերջին յոթ տարում Ալիկի տանը ու նրանց միջև` առհասարակ: Ծխախոտի գալարվող ծուխն ավելի էր ծանրացնում օղուց թանձրացած մթնոլորտը:
-Դասարանից հեչ ու՞մ ես տենում,- խաղաղ ժպիտով Ֆեռգյուսը հաղթեց լռությանը,
-Ոչ մեկին... Հախինյանի մեռնելուց հետո կապը կորել ա,
-Հա՜, իմացա, որ մահացավ` Սոնան ասեց, չէի կարա գամ,
-Մի թռնող էլ Սոնադ ա,- ծիծաղեց,- արդեն ութերորդ անգամ «կազմակերպում» ա հավաքվենք,
-Գիտե՞ս ինչն եմ հիշել էս քանի օրը,- ծիծաղը զսպելով,- որ քո շարադրությունը իրանինից լավ էր ստացվել` բռնեց տետրդ ճղեց, որ հաղթի… կարծեմ «Հայրենիք» թեմայով էր,
-Հա՜ հաղթեց… հիմա էլ «գրին քարտի» խաղարկությունն ա հաղթել` «հայրենիքի» մոտիվներով,
-Արա՜, դե դու էլ էդ հողի վրա խփնվել ես իսկականից,
-Ազատությունն էն ա երբ դու ես ընտրում թե ինչի հողի վրա խփնվես,- ծիծաղեց ու լցրեց բաժակները:
Մինչև ուշ գիշեր խմեցին, հետո երգեցին` սրտից ու ստից, «Հայրենիքի ջուրն» էլ հիշեցին, չեղած ու չպառաված «Պառավ յարն» էլ: Հետո մի կերպ ճանապարհեցին «կանչով» ժամանած թաղայինին ու բաժանվեցին:
Էլ չհանդիպեցին մինչև Ֆեռգյուսի մեկնելու օրը: Թռիչքից մի քանի ժամ շուտ զանգեց ու խնդրեց, որ օդանավակայան տանի:
Ճամպրուկներն իջացրեցին ու ետ դասավորեցին մեքենայի բեռնախցիկում:
Ֆեռգյուսը վերջին անգամ նայեց շուրջը, կարծես հրաժեշտ էր տալիս մանկության թաղին:
-Ալի՛կ, էս ու՞մ երեխեն ա,- հայացքով ցույց տվեց Սոֆային, որ առավոտից իրիկուն պատերից պոկած գաջակտորներով նկարում էր,
-Մադլենին կհիշե՞ս` իրանն ա,
-Ո՞նց չեմ հիշում... իմ խաթր սովորեց ֆուտբոլ նայել, երբ տունը մենակ էի` հետս էր,- խորամանկ ժպտաց,
-Էս էլ էդ ձեր ֆուտբոլների կարմիր քարտն ա,- ծիծաղեց,
-Կարողա՞ ինձանից ա,
-Չէ՜... Ֆեռգյուս... էս էրեխեն հինգ տարեկան ա, իսկ դու վերջին յոթ տարում Հայաստան չես էղել` էս ձեր Ամերիկան չի, ստեղ մարդիկ մենակ բնական ճանապարհով են երեխա ունենում,- ծիծաղեց,- իսկ, եթե լուրջ` էն քոթուկի նարյադ տատիները մինչև մեռնելը հասցրեցին էս երեխուն «ռսի ճուտ» կնքեն` ասում են հերը «սլավոնական արտաքինով» ա,
-Քել տենանք ինչ ա էլի նկարում,- թևից քաշեց ու քայլեց դեպի Սոֆան,
-Սո՛ֆ, բարև՛,- ձեռքով արեց Ալիկը,- էս ձյաձյան ուզում ա տենա ի՞նչ ես նկարում,
-Հայրենի՛ք,- ոտքից գլուխ Ֆեռգյուսին չափելով ասաց ու շարունակեց տձև ուրվագծի ներսում պատկերներ ավելացնել,
-Հա, բայց սահմանը սխալ ես տարել,- ժպտալով նկատեց Ֆեռգյուսը,
-Բա ճիշտը ո՞նց ա,- զարմացած դեմքին նայեց Սոֆան,
-Ա՜յ սենց,- մոտավորապես մատով ցույց տվեց Հայաստանի սահմանը,
-Ձաձա՛, ես քարտեզ չեմ նկարում` դու գործից բան չես հասկանում,- դիտողություն արեց ու շարունակեց,
-Լա՜վ, բան չեմ խոսում էլ,- ծիծաղեց Ֆեռգյուսն ու Ալիկին հայացքով առաջարկեց գնալ:
Թութակի մեծ վանդակ հիշեցնող նորակառույց օդակայանից Ֆեռգյուսը թռավ: Թռավ անվերադարձ: Բայց վերջում չմոռացավ «մինչ հանդիպում» ասել` մի բան, որ երկուսն էլ գիտեին սուտ է` ամենամեծ սուտը, որ ամեն գնացողը թութակի պես կրկնում է էդ վանդակի ներսում:
Դեռ ուշ չէր ու որոշեց Սոֆային գունավոր կավիճներ տանել: Եթե իսկապես հայրենիք է նկարում ուրեմն պիտի գունավոր լինի, թե չէ` կդառնա պետություն:
- Սո՛ֆ, քեզ կավիճներ եմ բերել, իսկական գունավոր կավիճներ,- պպզեց կողքին ու մեկնեց տուփը,- համ էլ էն ձաձան գործից բան չէր հասկանում իսկականից` սահմանը սխալ չես տարել,- Սոֆան վերցրեց կավիճների տուփը, ուսումնասիրեց ու մի աչքը կկոցելով դարձավ Ալիկին,
-Կլինի՞ քեզ էլ նկարեմ,
-Կլինի,- ծիծաղեց,- բայց ինչի՞դ եմ պետք,
-Ուզում եմ իմ սիրած բաները շատ ըլնեն` նկարս լիքը լինի,
-Փաստորեն ինձ սիրում ե՞ս,
-Բա ինձ կավիճ ես բերում, ո՞նց չսիրեմ,- անկեղծորեն բացատրեց,
-Ես էլ քեզ սիրեցի,- շոյեց գլուխը,
-Բայց ես քեզ ոչ մի բան չեմ նվիրել,- զարմացավ,
-Հայրենիքը կնվիրես` մենակ ես ու դու կիմանանք, որ էս նկարն իմն ա, պայմանավորվեցի՞նք
-Պայմավորվեցինք,- մեկնեց ձեռքը, Ալիկը «թխեց»,- բայց դու էլ նկարի,- մի կավիճ էլ նրան մեկնեց ու սկսեցին երկուսով նկարել:
Նա, որ ոսկե վարսեր ուներ ու կանաչ աչքեր… նա որ բոլորից ավելի հայ էր` անգամ տեսքով, էս յաթաղանը աղ ու հացով կտրածների մեջ «ռսի ճուտ» էր դարձել, որովհետև անկարելի է, որ սեփականդ էդքան լավը լինի:
Սոֆան նկարում էր, իսկ Ալիկը կավիճով ասֆալտն էր քերում` խելագարի պես: Քերում էր Ֆեռգյուսի դրոշմած «մինչ հանդիպումը», քերում էր բոլոր սահմանները, որ Ֆեռգյուսն ու մնացած «ամերիկոսները» գծել էին իրենց անտերության դեմն առնելու համար, քերում էր բոլոր շարադրություններն ու պատառոտում` էնպես, ինչպես Սոնան երբեք չէր կարողանալու… իրենից լավ գրելու պես դա էլ չէր կարողանալու:
Ու քարտեզը թողած հայրենիք նկարեցին, գույներով լցրեցին, որ չդառնա պետություն:
-Քո նակարածը փոքրի՛կ, «Արարատի դալալները» չեն վաճառի վերնիսաժներում, որովհետև «հայրենիքից» մի մասնիկ իրենց հետ տանել փորձողներին քարտեզից ու Մասիսից ավել ոչինչ հասու չէ... որովհետև... որովհետև ասֆալտին նկարած ու փորած «հայրենիքը» լավաշի ու կոնյակի արանքում դրած կտավի պես չես խցկի ինքնաթիռ: Ու կարոտներդ, հայրենի տունդ չես ծախի` քաղաքացիության համար… ու քեզնից երբեք մանկությունդ չեն գողանա, որովհետև սովորել ես հայրենիքդ նկարել չծախվող սիրունությամբ: