Արձակ
«Էս գիշեր»
Էս գիշեր կյանքդ պիտի կատարվի: Հա՜ ախպերս... բոլոր ցավերդ «ջրվելու» են:
Անձրև է գալու ու սովորական խեղկատակներին տուն քշի, իսկ անսովորներից մնալու ես դու` Նա էլ քեզ հետ:
Ներսից, դրսից ջրվելու են ցավերդ... նյարդերդ պարելու են սառը կաթիլներից ու աղոթելու ես, որ էդ անտեր անձրևը միանգամից «վեդրոյով» գա, բայց շարունակելու է խոշոր կաթիլներովից գալ... քո ու Աստծո արանքում մի ամբողջ անձրևաշերտ է գազազած ոռնում և Աստված չի լսելու քո աղոթքները:
Մտի՛ր էս խանութը, որ միշտ ուզեցել ես թալանել, բայց այս անգամ հասարակ հաճախորդի պես մտիր: Ընտրի՛ր ամենահարմարը գրպանիդ` այսինքն որը կուզես, որովհետև թրջվելիք գրպանիդ բոլորն էլ հարմար են` սա վերջն է... եթե ոչ աշխարհի, ապա գոնե կացութաձևիդ... որովհետև սա նույն «երեկը» չէ, իսկ «վաղը»` չես կռահի ինչպիսին պիտի լինի... պահը տարերային է և, ուրեմն, վերջն` աշխարհինը:
Բարձրացի՛ր աստիճաններով, ընտրի՛ր տեղդ առանց տոմսիդ կարգաթվին ուշք դարձնելու` որտեղ հարմար է, միևնույնն է դահլիճը դատարկ է: Բաց երկնքի տակ ձեր բաժին հատվածն առանձնացրո՛ւ հագիդ վերարկուով` անձրևից չի փրկի, բայց ենթագիտակցորեն պաշտպանված կզգաս... քեզ չէ` Նրան... քեզ «չոռ» չի դիպչի:
Նայի՛ր պարեկախմբին... դրանք երեկվանն են, որ քեզ «հանրային վայրում ալկոհոլ գործածելու» համար բռնել էին ուզում... դա դեռ երեկ էր... իսկ այսօր ձեզ վրա չեն էլ նայում (չնայած, որ «մեղքը» կրկնակի է, որովհետև հիմա երկուսով եք և, ուրեմն, գարեջուրն էլ է կրկնակի)... սրանց կորցրածը առավելագույնը մի համազգեստ է լինելու, որ կթրջվի... իսկ դո՞ւ... դու մի ամբողջ «երեկվանից առաջ»-ն ես կորցնում, բայց դեռ կարողանում ես մտաբերել նրանց, որ նույն «երեկվանից» են հուշ մնացել...
Ամենամիստիկ պահին խելագարի պես ծիծաղդ գլուխդ գցի՛ր ու փչացրու ողջ ռոմանտիզմը, որովհետև դրա ետևից չես եկել` դրա ետևից կինոթատրոն կգնայիր... դու եկել ես ապրելու... վաստակածի պես օթյակից նայելու էն բեմին, որի վրա ամբողջ կյանքդ ես խաղացել` առանց նեղվելու... սա քո փողոցն է... բարձրից նայի՛ր... փողոցը չի նեղանա, որովհետև ամբողջ կյանքում քո համար մի էսպիսի երազանք է պահած ունեցել` քեզ ու Նրան ժպիտով դիմավորելու երազանք, ինչպես մայրն է նոր հարսի ձեռքից բռնած տուն մտնող որդուն դիմավորում:
Բարձրից նայի՛ր, որովհետև էս փողոցը քեզնից մի հինգ «շապիկ ավել կլինի մաշած», հասկանալու համար, որ դու քո տարերքի մեջ ես:
Թքած ունեցի՛ր բոլորի բախտի վրա, որովհետև էս մեծ մանկատնից փախչողների մեջ և ոչ մեկը դրսում չպատմեց քեզպեսների մասին... գլուխը պրծացրեց էդ անտերանոցից ու, եթե պետք եղավ` մնացածներին հրել-ետ քաշելով, առաջինը դուրս պրծավ դեպի բախտը բացված դռնով... թքած ունեցի՛ր սրանց բախտի վրա ու կառուցիր քոնը` թեկուզ ուրիշինի ավերակների վրա... ինչպես քո «Կարմիր ավազից ֆուտբոլի դաշտի» վրա մարդիկ իրենց էլիտարները կառուցեցին:
Բռնի՛ր Նրա ձեռքը, թաղվի՛ր վարսերի մեջ... ու որքան էլ հեղեղն ուժեղանա մի խառնվի՛ր անասնական, զույգ-զույգ էն ընտրանուն, որ դեպի փրկության տապանն են վազելու... դա չէ քոնը... դու այստեղ եկել ես ապրելու... ուրեմն ապրի՛ր տղամարդու պես... ապրի՛ր մինչև վերջ... երկու կոպեկ արժեցող փրկության համար անձրևին մի՛ ծախիր չոր պահած տեղդ... որովհետև «վաղը» չի գալու... համենայն դեպս դու էդպես իմացի՛ր...
Մ.Նահապետյան
