Արձակ
«Չդրված կիսանդրի»
Սրճարանում նստած հերթական պատմվածքի վերջաբանն եմ մտմտում, բայց սուրճից ու ծխախոտից բացի ոչինչի վերջը չի գալիս:
Արդեն երրորդ անգամ եմ ուզում որսալ մատուցողուհու հայացքը, որ հասկացնեմ ևս մեկը բերի, բայց ոչ մի կերպ չի ստացվում, որովհետև ամեն անգամ կենսունակ անդաստիարակությամբ օժտված մեկը բղավում-կանչում է նրան:
Ահա. վերջապես ինձ է նայում ու բախտի բերմամբ ժեստերս հասկանում, որովհետև հիմա էլ փողոցով միտինգանման ինչ-որ կոնգլոմերատ է հոսում ու սրանցից ավելի բարձր հաստատ չէի կարող բղավել:
Մատուցողը գնում է կրկնակի լուծվող սուրճի ետևից, ես` նայում եմ երթով աղաղակողներին ու հասկանում (ավելի ճիշտ` հիշում), որ այսօր «Վերջին Զանգն» է:
Հիշում եմ այն տարիները, երբ ես էի սովորում ( քանի որ, տարօրինակորեն, մինչև ավարտելը մեր սերունդը նաև սովորել է):
Դպրոցս այն ժամանակների «հարգի» կրթօջախներից էր, իհարկե` ոչ այնքան «հարգի», որ պարտադրված լինեինք քյաբաբը հարյուր տարեկան կոնյակով լափողների երեխաներին հանդուրժել:
Մեր դասարանում երեսունչորս հոգի էր սովորում ու, ինչպես սովորաբար լինում է, բոլորս բոլորի հետ հավասարապես մտերիմ չէինք:
Չորս «կռուգ» կար` «սովորողների» (պայմանականորեն), «չսովորողների» (առավել քան պայմանականորեն ( դա մերն էր )), բացարձակ առանց պայմանականությունների` «սիրուն աղջիկների» ու նրանց «փեշի տակ» եղած տղաների:
Միքիչ պատմեմ մեր` էդ «չսովորողների օթյակի» մասին:
Հինգ հոգի էինք` Նառան, Շուշանը, Հրանտը, Գուգոն ու ես (ի միջի այլոց Նառան ու Շուշանը շփոթության աստիճանի նման զույգ քույրեր են):
Գուգոն ամենահինն է (ինձնից ավելի հին միայն ինքն էր): Նա «ի սկզբանե» էդ դասարանից էր, իսկ ես` սեպտեմբերի երեքին էի տեղափոխվել «Առաջինի Ա», երբ պարզվել էր, որ իմ` «Առաջինի Գ», դասարանում տասնմեկ հոգուց վեցը մտավոր հետամնացներ են ու դասարանը լուծարել էին:
Իր կողքին նստելու առաջարկը միակ բանն էր, որ Գուգոն երբևէ արել է սեփական նախաձեռնությամբ, բայց այն ու ամենայնիվ ես «երախտապարտ» էի նրան, որովհետև էդպես ձևավորվեց մեր ընկերության կորիզը:
Նառան ու Շուշանը մեզ միացան երրորդ դասարանում ` նրանց հայրը Ուրուգվայում ՀՀ դեսպանն էր, որ երեխաների «ապագայի» համար հրաժարվել էր պաշտոնից ու տեղափոխվել Հայաստան:
Ի դեպ. իրենց անունները իրար կողքի նշել կարելի էր միայն այն դեպքում, երբ կարիք կար ասելու, որ զույգ քույրեր են, որովհետև որքան, որ նման էին արտաքնապես, կրկնակի տարբեր էին բնավորությամբ:
Հրանտին, մինչև չորրորդ դասարան հասնելը, արդեն չորս անգամ հեռացրել էին չորս տարբեր դպրոցներից:
Մեզ մոտ ընդունվելու առաջին իսկ օրը Գուգոյի հետ իրար քոթակեցին։ Հրանտը գլխով դիպավ պատուհանին, կոտրեց ապակին: Երկուսին էլ ծնող էին ուզում կանչել, բայց քանի որ Հրանտի «դոսյեն» մաքուր չէր` Գուգոն իր վրա վերցրեց ողջ մեղքը, Հրանտը` ապակին փոխեց ու ընկերացան: Հետո Գուգոն մեզ հետ էլ ընկերացրեց նրան:
Ես. ինչպես արդեն նշեցի` մերոնց մեջ երկրորդը՝ ըստ ժամանակագրության, առաջինն էի սովորելով ու վերջինը` «հավաքվելու» հարցում:
Ու, վերջապես, հավասարապես բոլոր չորս «կռուգների» ընկերն էր մեր դասղեկը` ընկեր Մովսիսյանը, որ ճանաչածներիս մեջ ամենավեհ իմաստով «Ուսուցիչի» բարձր կոչմանը արժանի մեկն էր: Նա իսկապես ուսուցիչ էր ու ոչ մանկավարժ, որովհետև երբեք մեզ որևէ բանի վարժեցնելու նպատակ չունեցավ, ընդհակառակը` սովորեցրեց... սովորեցրեց չվարժվել` անգամ ազատությանը չվարժվել ու դա էլ ազատորեն սիրել... սովորեցրեց ընկեր լինել մեկս մյուսի ու բոլորի համար` բոլոր նրանց, ովքեր ընկեր ունենալու իրավունք էին վաստակել... և հիմա... ավարտելուց այսքան տարի հետո, եթե որևէ դաս կա, որ սովորել եմ հիմնավոր` ապա դա նրա դասերն են... դասեր, դասեր, որ չես հանդիպի, ոչ մի դասգրքում:
Այն ժամանակ (ինչպես էդ դպրոցի գոյության ողջ ընթացքում) տնօրենը մեր դպրոցի ոգուն հարիր սովետական մնացուկ էր, որ ջանք չէր խնայում գազոնի պես ստանդարտով էտելու մեր տձև մտածողությունը:
Դպրոցի նկուղային հարկում մի պղնձյա կիսանդրի կար, որ ամեն ֆիզկուլտուրայի դասին իջնելիս աչքներովս էր ընկնում: Բոլորիս իբր իմիջայլոց անընդհատ հիշեցնում էին, որ էդ փոշու ու սարդոստայնի մեջ կորած կոմունիստի գլուխը մեր դպրոցի համար գաղափարապես ու նյութապես շատ կարևոր մեկն է: Եվ ի փառս մեր տնօրենի դա պահպանվում էր «հատուկ հոգածությամբ» իբրև դպրոցի ծաղկման շրջանի պատմության կոթող:
Ինչպես արդեն ասացի էդ անտերության մատնված կոմունիստը պղնձաձույլ էր ու կլիներ մի երեսունհինգ կիլոգրամ:
Սա պատահեց ութերորդ դասարանում` ավարտելուց մեկ տարի առաջ (արդեն «ավագ դպրոցը» հնարել էին):
Մեկ շաբաթից Մովսիսյանի ծննդյան տարեդարձն էր լինելու ու չնայած նրա արգելելուն «ծնողկոմիտեն» որոշեց, որ պիտի նվեր գնի ու սկսեց յուրաքանչյուրից երկու հազար դրամի չափով գումար հավաքել:
Այն ժամանակ արդեն կարողանում էինք հասկանալ, որ դա մեր ծնողների ամբողջ աշխատանքային օրվա վաստակածի չափ է ու բնականաբար շատ կարճ տևած «նիստում» որոշվեց, որ չենք տալու... գոնե մենք` հինգս, չէինք տալու... եթե, անգամ, գռոշներ լիներ...
Այդ օրը գնացինք ու ամենքս մեր տան քաղաքային հեռախոսի լարը խնամքով անջատեցինք, որ ազատվենք հրամայականով մուրացողների զանգերից:
Հաջորդ օրը էլի մի ժողով արեցինք, որի մտահաղացումը Հրանտինն էր: Երբ բոլորս դասերից հետո հավաքվեցինք իրար գլուխ, նա ստուգեց դռան փակ լինելն ու սկսեց.
-Ուրեմն արդեն որոշված ա, որ փողերը չենք տալիս, բայց նվեր անել արժի... համ էլ չմտածեն էլի պատճառը փողն ա,
-Իսկ որտեղից ե՞ս էդ փողը ճարելու,- հարցրեց Գուգոն,
-Առաջ ընդհանուր հարցերի մասին «դու»-ով չէիր խոսում,- հեգնանքով սեղանին հենվեց Հրանտը,
-Ես հինգ հազար հավաքած ունեմ,- ասաց Նառան ու երես առած ժպիտով նայեց քրոջը,
-Պա՜հ... ես էլ պապայից կուզեմ:
Հերթն ինձ հասավ:
-Դե ես էլ միքիչ հավաքած ունեմ, մի քիչ էլ պադվալում շշեր ունեմ պահած` կհանձնեմ,
-Հանգստացե՛ք,- ծանր խոսքով վեր կացավ Հրանտը,- հո մենք բոմժ չենք... տնօրենի մումիայի ջանը սաղ ըլնի,- ծիծաղեց,- պղնձի կիլոն ինչքա՞ն ա:
Բոլորը նայեցին Հրանտին, նա նայեց ինձ,
-Հազար ութ հարյուր,- ասացի ու մեր խորամանկ ժպիտները համընկան:
-Խելառ ե՞ք,- տեղից վեր թռավ Շուշանը,- գիտե՞ք մեր գլխին ինչ պատմություն կդառնա,
-Որ ձենդ գլուխդ չգցես բան էլ չի լինի,- սաստեց Նառան,
-Ուրեմն սենց,- շարունակեց,- Գուգո՛, դու ու աղջկե՛րք, դուք... դուրս եք գալիս դպրոցից: Գուգոն սպասում ա ֆիզկուլտի հանդերձարանի լուսամուտի մոտ, մինչև էդ դուք գնում ու բարի դեմքերով տաքսի եք բերում ըտեղ: Մենք էլ իջնում ենք ու հանդերձարանի լուսամուտով էդ արձանը հանում ենք Գուգոյի մոտ: Գուգոն դնում ա տաքսու բագաժնիկը, փողոցի վրա սպասում եք մեզ:
-Էրեխե՛ք, բայց էդ գողություն ա,- էլի նեղսրտեց Շուշանը,
-Այ տորմու՛զ, ոնց-որ ըսկի քուրս չլնես:
Ամեն ինչ որոշվածի պես էլ արվեց: Մի քանի ժամից արդեն արձանը ջարդոնի տեղ հանձնել էինք: Ճիշտ է` պարզվեց, որ ոչ թե երեսունհինգ այլ տասնհինգ կիլոգրամ էր, բայց մեր տարիքում այդքանի գումարն էլ էր «ծով»:
Փողը բաժանեցինք երկու մասի: Աղջիկները գնացին տորթ պատվիրեցին, մենք էլ մնացած առևտուրն արեցինք ու լցրեցինք Հրանտենց նկուղը :
Ծնունդն անցավ ինչպես հարկն էր, Մովսիսյանը արցունքները չկարողացավ զսպել, Շուշանն էլ սկսեց բարձրաձայն ողբալ, բայց Նառան չթողեց, որ եղելությունն ասի:
Մի քանի օր հետո դպրոցով մեկ լուրը թնդաց, որ արձանը գողացել են ու քանի որ պահակ Ռուդիկին էին ուզուն ոստիկանության ձեռքը հանձնել (խմող մարդ էր, կասկածում էին) որոշեցինք, որ պիտի խոստովանենք մեր արածը:
Երկար դասամիջոցին մտանք փրփրած տնօրենի կաբինետ ու մի խորը շունչ քաշելուց հետո իրար լրացնելով պատմեցինք ողջ եղելությունը:
Հրանտին հեռացրին ու հաշվառման վերցրին ոստիկանությունում, մնացածիս էլ խիստ նկատողություն տվեցին:
Հիշում եմ տնօրենի դեմքը, երբ էքստազի մեջ ընկած, երիտասարդ քննիչի մոտ մեզ ամենավերջին հանցագործն էր դարձնում: Ասում էր.
-Վաղը սրանց նմաններն են, որ կգողանան նաև Ձեր գույքը պարո՛ն միլիցիոներ,
-Ոստիկան,- ուղղում էր քրտնած ճակատով երիտասարդ քննիչը, բայց տնօրենի համար միևնույնն էր... եթե անգամ սենյակում ոչ ոք չլիներ նա ասելու էր իր ճառը,
-Կգողանան հանրության գույքը, պետության գույքը ու սրանց նմանների ավազակություններն ենք «փոքր» կոչել, որ պետություն ենք խորտակել,- ծխախոտ վառեց,- իսկապե՜ս, իսկապե՜ս ես խիստ վրդովված եմ... ախր բրոնզաձույլ այդ արձանը ոչ միայն եզակի կոթող էր, որ դեռ այն ժամանակ պետերբուրգից էին ուղարկել, այլև մեր դպրոցի պատմությունն էր` դպրոցի, որը սերունդներ է կրթել... սերունդնե՜ր հասկանու՞մ եք,- մետաղական, ռադիոյի ճառ կարդացողի ձայնով եզրափակեց: Քննիչը շիվարած նայեց մեզ վրա:
Հիշում եմ մեր ու դասղեկի կախած հայացքները, Հրանտի մոր արցունքները, երբ էդ տականքը ծխախոտը ձեռքին բողոք էր գրում, որ քրեական գործ հարուցվի Հրանտի վրա: Հիշում եմ Ռուդիկի բարի ու թաց աչքերը, որ ուղեկցեցին Հրանտին, մորը ու քննիչին դեպի դպրոցի դուռը:
Իրականում մեր գողացածը տասնհինգ կիլոգրամ պղինձ չէր, կամ, վատագույն դեպքում, արձան ու մշակույթ չէր մեր ծախածը:
Մենք իրականում ամբողջ համակարգն էինք ծախել` նկուղներում փոշոտվող ու սարդոստայնների մեջ ուրվական դարձած կոմունիստների համակարգը, հեռախոսով ամենաքաղքենի ձևով ողորմություն պահանջող «ծնողկոմիտեների» համակարգն էինք տարել ու ջարդոնի տեղ հանձնել: Մենք ազատություն էինք առել դրանով... ծախել էինք մի ամբողջ ժամանակաշրջան ու առել ազատություն... դրա համար մեզ չներեցին:
Վերջում, մեր դեմքին ժպտալով, բոլոր հրանտների ապագան տասնհինգ կիլո պղնձով ծախած էդ քածը, արդեն հարյուր անգամ ասած ճառով «բարի ճանապարհ» մաղթեց մեզ` դեպի «մեծ ու ազատ» կյանք:
Ու հիմա... էս գրողի տարած սրճարանում նստած ես նայում եմ գազոնի պես ստանդարտ էտած մտքերով էս երեխեքին, նայում եմ սրանց գոռոցներին ու մտածում... ինչքան կարևոր էր ունենալ մի ուսուցիչ ում ջերմությանն արժանանալու համար կծախես ամբողջ համակարգը, կգողանաս բոլորի համար սրբություն դարձած մեռելի գանգը, որ իր ամբողջ վեհությամբ անգամ գոտկատեղդ չի անցնում ու կհասկանաս... կհասկանաս, որ ազատություն առնելու համար մի անգամ պիտի «քոնոնց» ձեռքը բռնած թալանես ամբողջ սիստեմը... Ու էդ թալանովդ իսկական ուսուցչիդ համար կիսանդրի կանգնեցնես...
Պատմվածքը վերջացրեցի, սուրճն ու ծխախոտն էլ վաղուց են վերջացել: Զգում եմ, որ սաստիկ կարոտել եմ մերոնց: Զանգ եմ տալիս... հա՜... հաստատ զանգ եմ տալիս, որ գոնե մի անգամ առաջինը լինեմ` հավաքվելու հարցում առաջինը... զանգ եմ տալիս, որ գնանք Մովսիսյանին տեսակցության... որ «Վերջին Զանգը» չլինի վերջինը` մեզնից ստացած վերջին զանգը:
Մ.Նահապետյան
