Swift

«Կարմիր ավազից դաշտը»

«Կարմիր ավազից դաշտը» 
(պատմվածք)

Ասում են գարուն էր (թե Հայաստանում ե՞րբ է գարուն եղել` միշտ էլ ձմեռը պրծնելուց հետո ամառն է եկել):
Էդ էն տարին էր երբ «Հայաստանում ծաղկում էր շինարարությունը» ու մեր ապաքաղաքակրթական թաղն էլ անմասն չմնաց էդ «ծաղկումից»` կարմիր ավազներից ֆուտբոլի դաշտի տեղում վեր հառնեց ավտոկայանատեղի (ժեշտից նավեսով բներ) մեր բակի վերջին բոլշևիկների հովանու ներքո: Հենց էդ տարում մեզնից գողացան մեր մանկությունը, որովհետև ոչինչ չունեցող էդ բակում «Կարմիր ավազներով ֆուտբոլի դաշտը» (պարտավոր եմ մեծատառով գրել) միակ մանկական անկյունն էր, որն էլի մենք, տղերքով, էինք սարքել` մի օրում մի քանի «գռուզավիկ» կարմիր ավազ շաղ տալով: Ու հենց ամենացավոտը էդ էր, որ երեխեքի ստեղծածը գողացան մեծերը: Երևի առաջին սոցիալական պայքարն էր մեզ համար` ես, Ավոն, Հայկոն ու էլի տղերք մեր թաղից սկսեցինք գաղտնի «ապամոնտաժել» էդ մետաղի ջարդոններից լեգոն (տղերքից շատերի ընտանիքն էլ էդ գառաժներում փայ ուներ): Բայց դե էղավ էն ինչ միշտ լինում է Հայաստանում` «սուբսիդավորեցին»))): Ու առաջին անգամ էդ տարին էր, որ ձեռքներս կարտ վերցրեցինք, ամենքս մեր իմացած կանոները միացնելով մի նոր բլոտ հորինեցինք` որի անունը, եթե հիմա լիներ, «աջաբսանդալ» պիտի դնեինք:
Աննկատ կերպով մեր «ֆուտբոլային թիմը» դարձավ «բանդա», իսկ մենք` աղվամազոտ խուլիգաններ:
Ու էդ ժամանակներից էսքան տարի անց էլի գարուն էր` Հայաստանի գարուններից: Սովորության համաձայն թեթև էի հագնված ու քայլում էի քաղքենիության դամբարան Հյուսիսային պողոտայով: Ցուրտ է, կամ էլ մրսում եմ: Պարտադիր չի ցուրտ լինի մրսելու համար` էն գարնանն էլ դրսում ֆուտբոլ խաղալու համար ցուրտ չէր, բայց տաք միջանցքում բլոտ խաղալիս դողում էինք: Թումանյան-Հյուսիսային պողոտա հատման տեղում մի «06» կտրուկ «քաշեց դեմս»` գուցե հայհոյեի, եթե սկզբում վարորդի պատկառելի տարիքը, հետո` հարազատ դիմագծերը, չնկատեի: Ռուբեն պապին էր` մեր բակի շենքերից մեկի` «Երրորդ կորպուսի», պահակը: Երևի ամենասիրելին էր էդ պահակախմբից, որովհետև չէր վաճառում էն ծառերի ծիրանը, որից իջեցնելիս ասել էր «թողե՛ք հասնի` էլի դուք եք ուտելու» (հերն անիծածը՜, ինչու՞ են մեր մեծերը մեզնից խլում մեր սիրելի բաները ու հետ վերադարձնում հասունանալուց հետո, կամ, որ ավելի սարսափելի է` մեր հասունանալուց հետո): Մի քանի վայրկյան քարացա` վախից կամ էս մտքերից:
-Նստի՛, իշի քուռա՛կ,- ժպիտով կշտամբեց,- օրենք եմ խախտում,- պտտվեցի մեքենայի մյուս կողմը, նստեցի ու պինդ գրկախառնվեցինք: Քշեց Պրոսպեկտի կողմ:
-Էս ու՞ր,- հարցրեցի,
-Մեր տուն,-բեղն ոլորելով,- հազիվ բռնացրել եմ` մինչև չխմենք բաց չեմ թողնի,- վստահ, հրամայականով,- դուրդ գալիս ա՞ «մարալս»,- մի ձեռքով խփեց ղեկին` նկատի ունենալով կաթնագույն «06»-ը,
-Սովետական ավտոի լավն էլ կտրի, վատն էլ,- ծիծաղեցի,- կարևորը ոտքով չես,
-Մեծ մեծ խոսալը նայի՛,-թարս նայեց,- դե արի ու մի ասա` տո արջի քոթո՛թ, բա, որ դուրդ չէր գալիս ինչի՞ էիր սրա շուշեն ջարդել, մտել մեջը,- ծիծաղեց:
Էն գարնանը, երբ «բանդա» դարձանք, Ռուբեն պապի հսկողության տակ կայանած մի «06» կար` չգիտեի էլ ումն էր, հիմա էլ չգիտեմ ումն էր` պապը չթողեց իմանամ, սրա պատուհանը ջարդել էի ու տղերքի հետ լցվել էինք մեջը` գողություն չէինք անում, նոր պոզակալած գառների պես արկած էինք ման գալիս: Հետո, երբ սառեցինք, հասկացանք մեր արածի լրջությունը ասացի, որ պիտի պապին տեղյակ պահենք` տղերքից մի քանիսին «տուն կանչեցին», մնացածն էլ սպասեցին, որ ես գնամ ասեմ: Մտա պահակակետ ու առանց ամոթի կաթիլ ցույց տալու ասացի, որ մեքենայի լուսամուտը ջարդել եմ: Առաջը գցեց ու գնացինք մեքենայի մոտ, բառ չխոսեց, նայեց մեքենաին, նայեց տղերքին հետո դարձավ ինձ,
-Ինչի ե՞ս ջարդել,- գլուխս կախեցի,
-Տղերքով ուզում էինք նստեինք,
-Տղերքն էլ ե՞ն ջարդել,
-Չէ՛,- բոլորով միաբերան պատասխանեցինք, մենակ Ավոն էր, որ ասաց «Ես էլ», բայց մեր «Չէ»-ի տակ լռեցվեց էդ տղամարդավարի քայլը (երևի ես ու պապը նշանակություն տվեցինք դրան, բայց չխոսեցինք),
-Դե, որ տղերքի նստելու համար մենակ դու ես ջարդել ուրեմն ռա՛դ էղի, էլ ոտդ էստեղ չտեսնեմ,- գլուխս կախեցի ու սկսեցի քայլել, Ավոն հավասարվեց ինձ, տղերքը մնացին,- էդ ձեզ էլ ա վերաբերվում, ստուկա՛չ շան թուլեք,- արդեն բղավեց ու մնացածն էլ մրջյունների պես ցրվեցին:
Դրանից հետո մի շաբաթ չերևացի, հետո սկսեցի էդ կողմով անցնել` պապին «բարև» տալու համար, բայց «բարև»-իս չէր պատասխանում: Մի քանի օր հետո «խաչմերուկի ուտիլիզացիայի» թափոնների միջից մի «06»-ի դուռ գտա, Ավոյի հետ գնացինք, քանդեցինք, ապակին հանեցինք, լվացինք ու մի թերթի մեջ փաթաթած վազելով մտանք պահակակետ: Դռնից ներս մտանք ու պապը դուրս եկավ մեր առաջ, քայլերս դանդաղեցին, նայեց թևիս տակ թերթով փաթաթած ապակուն,
-Բարև՛, Ռուբեն պապի՛,- միասին ասացինք,
-Բարև՛,- խռոված, բայց հետաքրքրությամբ պատասխանեց, ապակին դրեցի սեղանին,- էդ ի՞նչ ա,
- «06»-ի շուշա,- ասացի հպարտ ու պապի խռովությունը պայթեց` սկսեց ծիծաղել,
-Էդ ու՞մ ավտոից եք թռցրել,- ժպիտով բացեց թերթը,
-Ուտիլնոցից ենք գտել,- վրա բերեց Ավոն որպեսզի մի բան էլ ինքն ասած լինի,
-Հո դուք ախմախ չե՞ք, խի՞ եք հասել ընդեղ, բա, որ ավտոի տակ ընկնեիք,- կշտամբեց
-Հո առաջին անգամը չի՞, ուր ասես գնում ենք,- էլի գլուխ գովեց Ավոն,
-Ուր ասես գնում ենք,- հեգնեց,- Ալեքսանդր Մակեդոնացին եք դառել գլխներիս,- ծիծաղեցինք,- նստե՛ք,- ցույց տվեց թախտը ու նստեցինք: Սեղանի տակից հանեց մի ափսե «պեչենի» ու «շուշա կանֆետ», դրեց սեղանին, վառեց «Չիբուխը»,
-Որ ձեր արածին տեր եք կանգնել էդ լավ ա, բայց ավտոի շուշեն ես արդեն փոխել եմ,- ժպտաց,- կարևորը լավ ընգերներ եղե՛ք ու ունեցե՛ք,- էս խոսքի վրա Ավոն գլուխը կախեց,- Ավո՛, մի կախի գլուխդ` էդ հերոսության մեղքի կեսն էլ դու «վիզ վերցրեցիր»,- ժպտաց ու Ավոյի դեմքն էլ պայծառացավ,- դե հիմա ամենքդ մի կանֆետ վերցրե՛ք, ռադ էղե՛ք ու էլ թազա փորձանք չբերեք քլխիս,- միանգամից տեղից վեր թռանք , կոնֆետ վերցրեցինք ու մեզ «կոտորելով» դուրս թռանք պահակակետից:
Պապը էդ ավտոն էր առել, նույնիսկ չգիտեմ էլ առել էր թե «ծախել էին վրեն»:
-Սպասի՛, պապի՛, էս էդ «06»-ն ա՞,- զարմացած ժպիտով հարցրեցի,
-Բա ի՞նչ եմ ասում,- ծիծաղեց,- որ տարա շուշեն փոխելու, արհեստավորը շատ գովեց «ավտոս»` ես էլ առա,- ժպտալով «աչքով արեց»:
Հասանք իրենց տուն` Քանաքեռի մի խուլ թաղ էր, որ ավելի շատ գյուղ էր հիշեցնում, քարե փոքր ու խարխուլ տանն ապրում էր պապը, իսկ խարխուլ, որովհետև Ղարաբաղ գնաց ուղղակի կռվելու` հողի համար, «կռված տղա» չդարցավ ու էդպես էլ միակ սեփական ունեցվածքը մնաց պապական տունը` Աբովյանական ժամանակների Քանաքեռի տունը: Ճռռոցով բացվող դարպասից էն կողմ` թթենու տակ, փայտե սեղանն էր, զույգ իշավոտնուկի հետ, որ վերջին տասը տարում չէր լցվել գերդաստանի աղմկոտ քեֆի ձայների լիությամբ: Երկու զինվորական ցինկե բաժակ բերեց` միակ «թալանը» ամբողջ կյանքը զավթած ծառայությունից, թթի օղի ու մի աման թթու: Շարեց սեղանին ու հեգնական ասաց. «էս ա ունեցածս այ որդի՛, բայց լավ ա խմվում»: Պատճառ բռնեցի, որ ծխախոտ չունեմ ու գնացի խանութ, մի քանի բան էլ գնեցի ու սեղանը լցվեց, իհարկե, պապը նեղսրտեց: Լցրեցի առաջին բաժակը,
-Է՜հ, բարով տեսանք,- ասաց պապը ու խմեցինք,
-Վառում ա, բայց քո հետ լավ ա գնում,- դեմքս ծամածռելով ասացի,
-Խմող չես,- վրա բերեց պապը` առանց որևէ դիմախաղի,
-Լավ էլ խմում եմ,- նեղսրտեցի,
-Ղալա՜թ ես անում,- սաստեց,- քո ի՞նչ տարիքն ա, որ լավ խմես,- լռեցինք, լցրեցի երկրորդը:
-Պա՛պ, մի բան եմ ուզում հարցնեմ,- ասացի,- ավտոյի տերը ո՞վ էր,
-Ստռոյկի պետը,-թթու վարունգը կծեց ու ի միջի այլոց ասաց,
-Ի՞նչ ստռոյկա,- թեպետ գլխի էի ընկնում,
-Գառաժների,- ասաց ու վառեց ծխախոտը (լուցկով` «խասյաթ» էր),- էն, որ ֆուտբոլի դաշտի համար քոթակել էի,- Կարո էր դրա անունը` լպրծուն տիպ էր, որ երբևէ շինարարական աշխատանք կատարած չկար` պորտը կտրողը «պռարաբ» էր երևի, ինքն էլ ի ծնե «պռարաբ» էր:
-Հետո ի՞նչ էղավ,
-Հետո մի հատ էլ քոթակեցի` բա ո՞վ ա ավտոյի շուշեն բաց թողնում,- խորամանկ ժպտաց,- վերցրու՛, վերցրու՛, տաքանում ա,- վերցրեցինք բաժակները,- չգիտեմ էն ընգերներիցդ ով կա, բայց Ավոն մեջներից միակ «իսկականն» էր, մնացածը ստուկաչ էին, էդ «զորքով» էլ կռիվ էի՞ր գնում,- գլուխս կախեցի` էն «ռադ էղի՛»-ի ժամանակվա պես գլուխս կախեցի,- ուզում եմ խմեմ ընկերությանդ կենացը` էն, որ չարածը «վիզ են վերցնում», «ռադ ըլնելիս» էլ կողքիցդ հավասար են քայլում,- ասաց ու քաշեց գլուխը, ես զսպեցի արցունքներս,
-Պա՛պ, իմ ամենամեծ ընգե՛ր, ուզում եմ խմեմ քո կենացը, որովհետև կյանքում առաջին անգամ քո շնորհիվ հասկացա ինչ ա ընգերությունը ու միակ ընգերս ես էղել ում «պադստավկա» եմ արել` էն շուշեն «ուտիլնոցից» չէի ճարել, խղճիցս էի պոկել, որ բերեմ ու «բարևդ» վաստակեմ... կենացդ,- խմեցի, պապը թաքցրեց աչքերը, հետո լռություն իջավ` էնպիսին, որ մեկել պապին այցելելիս պիտի իջներ, երբ ինքը չկարողանար արձագանքել (հողը ձայնամեկուսիչ է` էնքա՜ն ձայներ են լռել),
-Այտա՛, դու գրող կըլնես` լավ էս ասում,- ծիծաղեց,
-Հա՛, գրում եմ,- ասացի,
-Դե մի բան Էն Կռների մասին կգրես` կարդամ,- «Էն Կռները» Արցախն ի նկատի ուներ` Հայաստանը, Հայրենիքը (իր Հայրենիքը մեծատառով պիտի գրվի),
-Աչքի՜ս վրա,- ծիծաղեցի ու լցրեցի:
Հետո էլի ու շատ խմեցինք, արդեն գիշեր էր, դուրս էի գալիս,
-Էլի կգա՛ս,- ասաց,- էս տան վառոտը անցվորի համար բաց ա` քո համար հատկապես,
-Կգամ:
Կգա՜մ պապի, կգա՜մ: Կգամ, որ վերջին անգամները Հայրենիքս շոշափելի լինի ինձ համար: Էս` էրեխեքից գառաժատեղի գողացողների, հասարակության մեջ` դողացող ձեռքերովդ, վերջին կենդանի հուշարձաններից ես «Էն Կռների», քո զրովեցով, քո ցինկե «թալան»-ով: Կգա՜մ:
Մի քանի ամիս էլ անցավ: Շաբաթ չկար, որ պապին տեսնելու չգնայի: Մի ամառային իրիկուն, երբ Պրոսպեկտում խցանման մեջ էի, հեռախոսիս զանգ եկավ` Ռիտան էր (Ռուբեն պապի հարևանուհին` համարս պապն էր տվել),
-Ալո,- վերցրեցի,
-Ալո, Ռիտան ա,- լացակումած ձայնով,- արի՛, պապին լավ չի,- հեռախոսն աջատեցի:
Պապին թաղեցին Եռաբլուրում` ինքը կնոջ կողքին էր ուզում, բայց դե «կռված տղա» ա, ինքը շատ ա՞ հասկանում, նախարարի որոշումն էր` «իրա համար գենեռալներ էին զանգել»:

-Կարմիր կակաչներ տվե՛ք,
-Քանի՞ հատ,
-Երեք հատ,
-Ազիզ ջա՜ն, գերեզմաններ ո՞վ ա կենտ ծաղիկ տանում,
-Դուք տվե՛ք,- ասացի ու ուսերը թափահարեց,
-Տղե՜ս,- խղճահարությամբ,-, եթե փողդ չորս հատի չի հերիքում` արի՛, էդքանով չորս հատ գեռբեռա տամ` ընտիր բան ա,
-Մորքու՛ր, ասեցի երեք հատ կարմիր կա՛-կա՛չ,- արդեն բորբոքվեցի: Նյարդային շարժումով առաջ պարզեց ծաղիկները, մեկնեցի հազարանոցը ու առանց մանրը վերցնելու շրջվեցի,
-Հոգեկանը՜,- լսեցի թիկունքիցս:
Կանգնեցի պապի գերեզմանի առաջ, դրեցի ծաղիկները,
-Մեկը քեզ, մեկը ինձ, մեկն էլ «Էն Կռներին», Պա՛պ... քո մեռնելը վերջը չէր` վերջը սրանց շատանալն ա` «Ստռոյկի պետ» Կարոյի, «քո համար զանգած գենեռալների», էս ծաղիկ ծախողների հասարակության շատանալն ա...
Եկել եմ քեզ տեսնեմ, մյուս գալիս «թալանդ» էլ կբերեմ` կխմենք... ասածդ չեմ մոռացել` կգրեմ «էն կռների» մասին, քեզավարի կգրեմ...
Պապի գերեզմանի չորսիկուռը կարմիր ավազ էր շաղ տված` հա՜րթ, հա՜րթ... էս մարդու երազանքն էլ գողացան ու «հասունանալուց» հետո «վերադարձրին» ... նոր հասկացա, որ «Կարմիր ավազից դաշտը»` որի համար էդքան կռիվ տվեցինք, հենց մեր առաջին «Հայրենիքն» էր... էս մարդու կռիվն էլ էր մի թիզ «Կարմիր ավազից դաշտի» համար...
Ռուբեն պապիս հիշատակին
Երևան 2015թ.

Մեկնաբանություններ